Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հանդես կգա համերգով: Մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեցող երգչի և նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դեքերյանի երևանյան համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը: Միջոցառման գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:
Դանիել Դեքերը ծնվել է Պուերտո Ռիկոյում, մեծացել Նյու Յորքում: Մեր երկրին և հայոց պատմությանը ծանոթացել է հայ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի միջոցով: Հայ երգահանի հետ համագործակցությունը տվել է յուրահատուկ պտուղներ. 2002-ին նա Սարդարապատում մասնակցել Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին, գրել և կատարել է Գևորգյանի «Ադանա» երգի անգլերեն բառերը, ինչպես նաև համերգներով շրջագայել ՀՀ վաստակավոր արտիստի հետ: Հայաստանին սիրահարված երաժիշտն անգամ իր փաստաթղթերում փոխել է ազգանունը`դառնալով Դեքերյան:
2005-ին Դանիել Դեքերյանը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ երգելու «Ադանա»-ն Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ։ 2010-ին թողարկել է «Ես հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որում ընդգրկված է 13 երգ՝ «Կիլիկիա», «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Սիրո գիշեր», «Աղջկա երգը»: Ապրիլյան օրերին ամերիկացի երաժիշտը մեր երկրում էր: «Ինչպես և անժխտելի է Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ անժխտելի է Արցախի՝ հայկական հող լինելը»,- նշել է Դեքերյանը`վստահեցնելով, որ Հայաստանն իր կյանքում մեծ տեղ ունի և իր առաջիկա ծրագրերը կապված են հենց մեր երկրի հետ:
Դանիել Դեքերյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգին ելույթ կունենան նաև հատուկ հյուրեր՝ ճանաչված թուրքահայ երգչուհի Սիբիլը, ժողովրդական երգի վառ ներկայացուցիչ ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, երիտասարդ երգչուհի, «The Band» խմբի համահիմնադիր Կարինա Առուստամյանը:
Համերգի տոմսերի արժեքը` 2000, 3000, 4000, 6000, 8000 և 10000 դրամ: